Լոռիի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի եւ խարդախության դեպքերի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Լոռիի մարզի Ջրաշեն համայնքում հաշվառված, բայց 2007թ. մինչեւ 2010թ. ներառյալ Երեւան քաղաքում, իսկ հետագայում Սարատովկա գյուղում փաստացի բնակություն հաստատած քաղաքացին 2009թ. հունվարի 30-ին եւ 2010թ. հունվարի 29-ին դիմել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին`  նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կազմել եւ տրամադրել է վերջինիս փաստացի բնակվելու, ընտանիքի կազմի եւ նրա` գյուղատնտեսական նշանակության հողի չափի եւ անասունների գլխաքանակի մասին կեղծ տեղեկանքներ:

Հիշյալ տեղեկանքները քաղաքացին ներկայացրել է սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալություն, որտեղ չեն ստուգվել դրանցում նշված տեղեկությունները, հաշվառվել է նպաստառուների ցուցակում եւ 2009-2010թթ. ընթացքում ստացել նպաստ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում վերը նշված երեք անձանց գործողություններում հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ առկա են հանցագործության հատկանիշներ, այն է`  քաղաքացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբեությամբ հափշտակել է զգալի չափի գույք, աշխատակազմի ղեկավարն էական վնաս է պատճառել պետության շահերին` կատարելով պաշտոնեական կեղծիք, իսկ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալության տեսուչը կատարել է պաշտոնեական անփութություն եւ պաշտոնեական կեղծիք` Լոռիի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 315-րդ հոդվածի 1-ին, 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասերով եւ 314-րդ հոդվածով:

Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: