Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին, որը Դեմոկրատական կուսակցության առաջատար դրամահավաքներից մեկն է, չորեքշաբթի դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով նրան դադարեցնել իր վերընտրման ձախողված քարոզարշավը։
Հոլիվուդյան ընտրախավի ներկայացուցիչ և դեմոկրատների հիմնական աջակից Քլունին միացել է հասարակական գործիչների աճող ցանկին, որոնք անցյալ ամիս Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում տապալված ելույթից հետո81-ամյա Բայդենին կոչ են անում հրաժարական տալ:
«Ես սիրում եմ Ջո Բայդենին», - գրել է Քլունին The New York Times-ի հոդվածում: «Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան... Բայց միակ ճակատամարտը, որում նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է»:
«Սա միայն իմ կարծիքը չէ, դա յուրաքանչյուր սենատորի, կոնգրեսի անդամի և նահանգապետի կարծիքն է, որոնց հետ ես առանձնազրույց եմ ունեցել», - գրել է Քլունին: - Ամեն ինչ տարիքին է առնչվում: Ոչինչ ավելին։ Բայց նաև չկա ոչինչ, որը հնարավոր էր ետ շուռ տալ»:
Քլունիի կոչին անմիջապես սատարել է հոլիվուդյան ռեժիսոր, բացահայտ դեմոկրատ Ռոբ Ռեյները, որը ևս օրեր առաջ Բայդենին պահանջեց հրաժարական տալ:
«Իմ ընկեր Ջորջ Քլունին հստակ արտահայտեց այն, ինչ մեզանից շատերն էին ասում... Ժողովրդավարությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ: Մեզ պետք է ավելի երիտասարդ մեկը, որը հակահարված կտա: Ջո Բայդենը պետք է մի կողմ քաշվի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ռեժիսորը։
Իրեն «ցմահ դեմոկրատ» անվանող 63-ամյա Քլունին մայիսին Լոս Անջելեսում Բայդենի հետ միասին վարում էր բարեգործական երեկույթը, որին մասնակցում էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Միջոցառման ժամանակ ռեկորդային 28 միլիոն դոլար է հավաքվել:





























