Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության եւ հաշվետվողականության կոմիտեն, որը գլխավորում են հանրապետականները, պարտավորեցրել է ամերիկյան վարչակազմի երեք աշխատակիցներին պատմել օրենսդիրներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջության եւ մտավոր կարողությունների մասին փակ լսումներում։ Դա է վկայում կոմիտեի նախագահ Ջեյմս Կոմերի (Քոնեկտիկուտի նահանգից) նամակը։
Դրանում նշվել է, որ օրենսդիրներն ուղարկել են ծանուցագրեր՝ լսումների ներկայանալու Բայդենի օգնականներ Էնի Թոմասինիին եւ Էշլի Ուիլյամսին, ինչպես նաեւ ԱՄՆ առաջին տիկնոջ օգնական Էնթոնի Բերնալին։ Նրանց խնդրում են պատասխան տալ մինչեւ հուլիսի 17-ը եւ ավելի ուշ այս ամիս ներկայանալ Կապիտոլիումի բլուր։ Աղբյուրները Axios պորտալին տեղեկացրել են, որ բոլոր երեքը Սպիտակ տանն ազդեցիկ են համարվում, թեեւ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն։
Ինչպես նշել է պարբերականը, այդ քայլը վկայում է հանրապետականների ցանկության մասին՝ համոզվելու, որ Բայդենի մերձավոր ներկայացուցիչները վարչակազմում չեն թաքցրել նրա առողջության իրական վիճակը։ Կոմերը նաեւ մտադիր է իմանալ նշված անձանց «ազդեցության աստիճանը» ԱՄՆ նախագահի վրա եւ նրա վիճակի մասին նրանց իրազեկության մակարդակը։ Պորտալն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թոմասինին եւ Բերնալը Բայդենների նստավայրի հասանելիություն ունեն, ինչն անսովոր է այն պաշտոնյաների համար, որոնք հիմնականում զբաղվում են քաղաքական հարցերով։





























