Եվրոպական իրավաբանական ծառայությունը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան հուլիսի 5-ին հակասում է Եվրամիության հետ պայմանագրերին։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ միության իրավաբանական ծառայությունը չորեքշաբթի անդամ պետություններին տեղեկացրել է, որ «Օրբանի գործողությունները խախտել են միության պայմանագրերը, որոնք արգելում են ցանկացած միջոց, որը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ նպատակների իրականացումը»։ Խոսքը, մասնավորապես, օրենքի դրույթների խախտման մասին է, որը միության բոլոր երկրներին պարտավորեցնում է իրականացնել արտաքին քաղաքական գործունեություն՝ «անվերապահորեն լոյալության եւ փոխադարձ համերաշխության ոգով»։
«[Օրբանի] ուղեւորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը FT-ին։ «10 տարում ես երբեք այսքան կոշտ արձագանք չեմ տեսել 26 այլ երկրների կողմից [մի կողմի] գործողություններին»։ «Սա խնդիր է, աշխատանքի այս միջոցն անընդունելի է»,- նշել է Միշելը։
Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Օրբանի հետ Վաշինգտոնում, ՆԱՏՕ գագաթաժողովում եւ խոսել ԵՄ այլ ղեկավարների հետ, որպեսզի որոշի, թե ինչպես գործի այսուհետ։ «Մենք չպետք է հայտնվենք միությունը պառակտելու փորձերի ծուղակում»,- ասել է Միշելը։


























