Իմ նախկին գործընկերները, ինչպես նաեւ ծանոթները, որոնք դեռ աշխատում են եվրոպական կառույցներում, հայտնում են, որ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում, թեեւ ողջունում են միությանն անդամակցելու Երեւանի ձգտումը։ Այս մասին հուլիսի 11-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։

Նրա գնահատմամբ՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ դեմոկրատական զարգացման տեսակետից Հայաստանը պատրաստ չէ նման հարց բարձրացնելու համար։

Նա ենթադրել է, որ ԵՄ-ը կօգտագործի Երեւանի այդ ձգտումը իր նպատակներն առաջ տանելու համար՝ հակառուսական եւ հակաիրանական իր օրակարգի շրջանակում։ Ադոնցն ավելացրել է, որ Հայաստանը դարձել է պլացդարմ, որտեղ բախվում են այդ շահերը, այն դեպքում, երբ երկար տարիներ պաշտոնական Երեւանը դա թույլ չէր տալիս։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե անցկացնելու մտադրության ներկա հայտարարություններն այն շրջանում, երբ լարվածությունը համաշխարհային քաղաքականությունում գտնվում է բարձրակետում, երբ մոլորակը կիսվել է ճամբարների, նշանակում է թիկունք դարձնել Ռուսաստանին եւ Իրանին եւ դեմքով շրջվել դեպի Արեւմուտք։ Մեր հիմնական մարտահրավերները կապված են անվտանգության հետ, եւ ԵՄ-ը ոչ մի գործիք այս հարցում չունի»,- ընդգծել է նախկին փոխարտգործնախարարը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կասկածի տակ է դրել հանրաքվեի անցկացման նպատակահարմարությունը, ինչով հաստատել է այն գնահատականները, որոնց համաձայն՝ պլեբիսցիտի նախաձեռնությունը փիառ ակցիա է՝ արեւմտամետ կուսակցությունների վարկաւիշը բարձրացնելու համար, որոնք կառավարող կուսակցության դաշնակիցներն են։