ԱՄՆ եւ Եվրամիության որոշումը՝ դադարեցնել միջոցների հատկացումը պաշտպանության ոլորտում, ափսոսանք է առաջացնում, քանի որ չի համապատասխանում մեր ակնկալիքներին հարաբերությունների վերալիցքավորման առումով։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
Կոբախիձեի կարծիքով՝ այդ հարաբերություններն իսկապես վերալիցքավորման կարիք ունեն, ինչին վրացական կողմը պատրաստ է։
«Ցանկանում եմ մեկնաբանել ԱՄՆ եւ Եվրամիության որոշումը՝ պաշտպանության ոլորտին միջոցների տրամադրումը դադարեցնելու մասին։ Այդ որոշումն ափսոսանք է առաջացնում։ Դա ցավալի է, քանի որ չի արդարացնում մեր ակնկալիքները հարաբերությունների վերալիցքավորման առումով։ Պետք է մեկ անգամ եւս ընդգծել, որ վերջին չորս տարիների քաղաքական իրադարձությունների ֆոնին այդ հարաբերություններն իսկապես վերալիցքավորման կարիք ունեն։ Վրացական կողմը, մեր կառավարությունը, պետությունը դրան պատրաստ են սկզբից մինչեւ վերջ, եւ մենք սպասում ենք հանդիպակաց քայլերի։ Իհարկե, նման որոշումներն արդյունավետ չեն հարաբերույթունների վերականգնման տեսակետից։ Սակայն ես հուսով եմ, որ ապագայում կձեռնարկվեն պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ եւ արդարացի քայլեր, եւ հենց այդ քայլերը կնպաստեն ԱՄՆ եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների վերալիցքավորմանը։ Մենք պատրաստ ենք դրան սկզբից մինչեւ վերջ»,- հայտնել է Իրակլի Կոբախիձեն։





























