Հայկական ատոմակայանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հազիվ էր ավարտվել ատոմակայանի 158 աշխատողների գործադուլի հետ կապված պատմությունը, հիմա էլ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք այն մասին, որ այդ ընկերությունը ցանկանում է վաղաժամ լուծարել Հայկական ատոմակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:
Առայժմ պաշտոնական պարզաբանումներ այս հարցի առթիվ ստանալ չի հաջողվում, սակայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին խոստացան, որ առաջիկայում նախարար Արմեն Մովսիսյանը հանդես կգա պարզաբանումներով:
Սակայն մինչ այդ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մի հետաքրքիր հանգամանքի վրա: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հակասությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ այդ ընկերության վարչության նախագահ նշանակվեց Բորիս Կովալչուկը: Հայաստանի կառավարությունը Հայկական ատոմակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ կնքել է 2003 թ. այնուհետ 5 տարով երկարացրել է 2008 թ., երբ ռուսական այդ ընկերությունը ղեկավարում էր Եվգենի Դոդը: Իսկ Բ. Կովալչուկի հայտնվելուց հետո միանգամից փոխվեց Հայաստանի նկատմամբ այդ ընկերության ռազմավարությունը, ու ոչ միայն ատոմակայանի հարցում:
Նախ Բ. Կովալչուկը «ՌուսՀիդրո»-ին վաճառեց Սեւան-Հրազդան կասկադը, որպեսզի ներդրումներ անի Վրաստանի հիդրոէներգետիկայում: Այնուհետ Բ. Կովալչուկը փոխեց իր դուստր ընկերություն «Հայկական էլեկտրացանցերի» երկարամյա գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին: Եւ վերջապես Բ. Կովալչուկը այս տարվա հուլիսից սկսեց հրապարակային հայտարարություններ անել այն մասին, որ դժգոհ է Հայկական ատոմակայանի հավատարմագրային կառավարման պայմանագրից: Իսկ հիմա էլ խոսում է այն մասին, որ այդ պայմանագիրը պետք է լուծարի ժամկետից շուտ:
Ո՞վ է ի վերջո Բ. Կովալչուկը: Նա ընդամենը 34 տարեկան է, այսինքն` Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի ղեկավար է նշանակվել 32 տարեկան հասակում: Սակայն զավեշտն այն է, որ նա, ըստ ռուսական մամուլի գնահատականների`«էներգետիկայից հեռու մարդ է»: Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետ աշխատել է որպես իրավախորհրդատու էներգետիկայի հետ կապ չունեցող մի ընկերությունում, իսկ 2006 թ. դարձել է այն ժամանակվա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի օգնականը: Մոտ 3 տարի աշխատել է Ռուսաստանի կառավարությունում` որպես առաջնահերթ ազգային ծրագրերի դեպարտամենտի տնօրեն, սակայն այդ դեպարտամենտն այնուհետ լուծարվել է: 2009 թ. նշանակվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ: Նշենք նաեւ, որ Բ. Կովալչուկը ռուսական «Ռոսիա» բանկի սեփականատիրոջ որդին է:
Դժվար է ասել, թե ինչի՞ է ձգտում Բ. Կովալչուկը, սակայն փաստն այն է, որ հայկական էներգետիկայում ամենախոշոր ակտիվներ ունեցող ընկերություններից մեկի ղեկավարը ինչ-որ չբավարարված ամբիցիաներ ունի, ու ամենայն հավանականությամբ` դրանք կարող են վնասել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հայաստանյան մյուս ակտիվներին:
Սամվել Ավագյան




























