Քեմի Բադենոխը կարող է դառնալ Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդը, գրում է PA Media-ն՝ հիմնվելով նոր հարցման տվյալների վրա։

Հարցումը ցույց է տալիս, որ կանանց և իրավահավասարության նախկին նախարար, այժմ բնակելի շինարարության ստվերային  նախարար Քեմի Բադենոխն ունի Պահպանողական կուսակցության կողմնակիցների 25,83%-ի աջակցությունը:

Պահպանողական կուսակցության անկախ լրատվական կազմակերպությունը՝ Conservative Home-ը, հուլիսի 8-ին, 9-ին և 10-ին 995 շարքային կուսակցականների հարցում է անցկացրել այն մասին, թե ով պետք է փոխարինի նախկին վարչապետ Ռիշի Սունակին:

Հարցվածների պատասխանների համաձայն, ներգաղթի նախկին նախարար Ռոբերտ Ջենրիքը երկրորդն է եղել՝  ստանալով հարցվածների 13,47%-ի աջակցությունը։

Երրորդ տեղում է անվտանգության նախկին նախարար Թոմ Թուգենդհաթը՝ 12,96%-ով, որին հաջորդում է ներքին գործերի նախկին նախարար Սյուելլա Բրավերմանը՝ 9,75%-ով։ Ներքին գործերի ստվերային նախարար Ջեյմս Քլևերլին ունի 9,15% աջակցություն, մինչդեռ մեկ այլ նախկին ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հետ է մնում 3,32%-ով: Չնայած հարցումը ցույց է տվել Բադենոխի ակնհայտ հաղթանակը, սակայն հարցվածների 16%-ը պատասխանել է «չգիտեմ», ինչը վկայում է, որ վերջնական արդյունքի մասին առայժմ կարելի է միայն   ենթադրել: