Շաբաթ օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ակնհայտ մահափորձը զայրացրել, ցնցել և քաջալերել է հանրապետականներին, որոնք ողջունել են կրակոցից հետո Թրամփի սեղմած բռունցքը, և սթափեցրել է դեմոկրատներին, որոնք առանց այդ էլ նյարդայնացած էին քաղաքական բռնության սպառնալիքից և այս աշնանը իրենց հեռանկարների վատթարացումից, գրել է Politico-ի ավագ քաղաքական սյունակագիր Ջոնաթան Մարտինը:
«Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում Թրամփի հանրահավաքում հրացանի կրակոցից առաջացած հանրապետականների զայրույթը մի քանի րոպե անց փոխարինվեց հիացմունքի՝ կապված Թրամփի բնազդային արձագանքի հետ, այնուհետև ցնծության՝ նրա անհնազանդության առիթով՝ ընդգծելով այն ահաբեկումը, որին ենթարկվում են նրա կողմնակիցները և ակնթարթային արձագանքը անգամ ամենալուրջ նորություններին»,- իր հոդվածում ընդգծում է Մարտինը։
Ըստ վերլուծաբանի՝ մինչև մայրամուտ այդպես էլ ոչինչ չհայտնելով սպանված հրաձիգի անձի մասին, հանրապետականները միջադեպի համար բացահայտ մեղադրում էին իրենց քաղաքական հակառակորդներին։
«Մենք չենք հանդուրժի ձախերի այս հարձակումը», - հայտարարեց հանրապետական կոնգրեսական Մայք Քելլին, որը մասնակցել էր հանրահավաքին:
«Մեղադրանքը որքան կոշտ, այնքան էլ ուշագրավ էր։ Այն հիշեցնում էր 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը, ինչը շատ դեմոկրատներ անմիջապես վերագրեցին աջերի թշնամական գործողություններին, որոնց բախվել էր այն ժամանակվա նախագահը Դալլասում: Սակայն 2024-ի մշտական առցանց և խորը բևեռացված աշխարհում հայտարարություններն արագ հասան, չնայած շարժառիթների մասին տեղեկատվության բացակայությանը»,- նշում է հոդվածի հեղինակը։
Մարտինը գրում է, որ Թրամփի պոտենցիալ մրցակիցներից մեկը՝ հանրապետական սենատոր Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ «Բայդենի քարոզարշավի կենտրոնական նախադրյալն այն է, որ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ավտորիտար ֆաշիստ է, որին պետք է կանգնեցնել ցանկացած գնով»։
«Այս հռետորաբանությունն ուղղակիորեն հանգեցրեց նախագահ Թրամփի դեմ մահափորձին», - կարծում է հոդվածագիրը:
Նույնիսկ Թրամփի երեխաներն անմիջապես արձագանքեցին իրենց հոր դեմ մահափորձին ավելի շուտ հաղթանակի զգացումով, քան շոկի:
«Նա երբեք չի դադարի պայքարել Ամերիկայի փրկության համար»,- գրել է Դոնալդ Թրամփ կրտսերը՝ համացանցում տեղադրելով իր հոր լուսանկարը՝ ամերիկյան դրոշի ֆոնին վեր պարզած բռունցքով, արյունոտ դեմքով և Գաղտնի ծառայության գործակալներով շրջապատված։
Ըստ Մարտինի, արձագանքի արագությունն ու ինտենսիվությունը նույնպես արտացոլում էին եռացող այն զայրույթը, որ Թրամփի շատ կողմնակիցներ զգում էին շատ ավելի վաղ, քան նախկին նախագահը բռնեց աջ ականջը շաբաթ երեկոյան:
«Նրա համախոհները կարծում են, որ կառավարությունը հալածում էր նրան ընդդիմության վտարանդի առաջնորդի նման, և որ, ինչպես ասել էր Վենսը, դա այն բանի անխուսափելի արդյունքն էր, որ Ամերիկան տրվեց Երրորդ աշխարհի մարտավարությանը: Փաստերը, մասնավորապես, Բայդենի վարչակազմի՝ նախորդ նախագահին մեղադրանք առաջադրելու սկզբնական դժկամությունը չեն արտացոլում այս հայտարարությունները, բայց դրանք խորը թափանցել էին ամերիկյան աջերի հոգու մեջ: Միգուցե այն ժամանակ դա տարօրինակ էր թվացել, բայց հանրապետականներից շատերը պատճառ ունեին շտապ հրապարակելու Թրամփի արյունոտ լուսանկարները․ դրանք քաղաքականապես նշանակալից կդառնան»,- գրում է վերլուծաբանը։
Դեռևս նախքան անցյալ ամսվա նախագահ Բայդենի աղետալի բանավեճը, Թրամփը հանդես էր գալիս ուժի հարթակում՝ իրեն ներկայացնելով որպես քաղաքականապես ուժեղ գործիչ՝ թույլ և ծերացող գործող նախագահի դիմաց, ընդգծել է Մարտինը:
Նրա կարծիքով, հաջորդ շաբաթ Թրամփին հերոսի նման կդիմավորեն հանրապետականների առաջադրման համագումարում, և այնպիսի լսարան կքավաքեն, որը համապատասխան կլինի կուսակցության այն առաջնորդին, որը քիչ էր մնացել սպանվեր։
«Վեր պարզած բռունցքը կդառնա համագումարի խորհրդանիշը», - կանխատեսել է Հանրապետական կուսակցության երկարամյա ստրատեգ Մայք Մերֆին:





























