Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին, ով պատիժ է կրել կոռուպցիայի և այլախոհների դեմ հաշվեհարդար կազմակերպելու համար, մտադիր է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Կեյկո Ֆուհիմորին։

«Ես ու հայրս զրուցեցինք, և միասին որոշեցինք, որ նա պետք է դառնա նախագահի թեկնածու»,- գրել է նա իր X էջում։

85-ամյա քաղաքական գործչի դուստրը, ով ինքն է երեք անգամ առաջադրվել Պերուի նախագահի պաշտոնում, հրապարակել է հարցազրույցի մի հատված, որում նա խոսում է իր պատրաստակամության մասին՝ «թույլ տալ, որ իր հայրը ղեկավարի նախագահական բանաձեւը»։ «Նա ասաց ինձ, որ տեղյակ է ռիսկերի մասին, բայց ցանկանում է վերադառնալ քաղաքական ասպարեզ», - ասել է Կեյկո Ֆուհիմորին: Հաջորդ նախագահական ընտրությունները Պերուում տեղի կունենան 2026 թվականին։

2009 թվականի ապրիլին Ֆուհիմորին, ով ղեկավարել է երկիրը 1990-2000 թվականներին, մեղավոր է ճանաչվել մարդու իրավունքների խախտման մեջ և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։ Մասնավորապես, դատարանը ապացուցված է համարել քաղաքական գործչի մասնակցությունը 1991 թվականի նոյեմբերին Բարիոս Ալտոս թաղամասում 15 մարդու սպանությանը և 1992 թվականի հուլիսին Լիմայում ինը ուսանողների և մեկ համալսարանի ուսուցչի առևանգմանը և սպանությանը։

Բացի այդ, նախկին նախագահը դատապարտվել է մի քանի գործերով՝ կապված կոռուպցիայի և պետական ​​միջոցների յուրացման հետ։ 2017 թվականին Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին ներում է շնորհել Ֆուհիմորիին, որն ազատ է արձակվել միայն 2023 թվականի դեկտեմբերին։