Հետաքննությունների դաշնային բյուրոն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքում տեղի ունեցած հրաձգությունը դիտարկում է որպես սպանության փորձ, ինչպես նաեւ որպես «պոտենցիալ» ներքին ահաբեկչություն։ Այս մասին տեղեկացրել է The Hill-ը՝ հղում կատարելով ՀԴԲ ներկայացուցչին։

Նա պատմել է, որ  հետաքննության այս փուլում ՀԴԲ-ում կարծում են, որ Թրամփի վրա հարձակվողը մենակ էր։

«Մենք հետաքննում ենք դա որպես սպանության փորձ», ինչպես նաեւ պոտենցիալ ներքին ահաբեկչություն։ Ուստի մեր հակաահաբեկչական բաժինը եւ քրեական բաժինն աշխատում են միասին, որպեսզի պարզեն մոտիվը»,- ասել է ՀԴԲ Ազգային անվտանգության բաժնի տնօրենի գործադիր օգնական Ռոբերտ Ուելսը։

Խոսելով կրակողի անձի մասին՝ ՀԴԲ ներկայացուցիչը նշել է, որ գերատեսչությունը դեռ պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնի։

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքում տեղի է ունեցել միջադեպ հրաձգությամբ, որի ժամանակ նա ականջի թեթեւ վիրավորում է ստացել։

Իրադարձության մասնակիցներից մեկը զոհվել է, երկու մարդ՝ վիրավորվել։

Հատուկ ծառայությունները կրակել եւ սպանել են հարձակվողին, նա 20-ամյա Մեթյու Քրուկսն էր։ ՀԴԲ-ում միջադեպն անվանել են սպանության փորձ։