Եվրոպական մի քանի երկրներ քննարկում են Աֆղանստանում իրենց դեսպանատները վերաբացելու հարցը, ինչը կնշանակի թալիբների իշխանության դիվանագիտական ​​ճանաչումը։ Դրա մասին Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Իտալիան հատուկ ծառայությունների ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Քաբուլ։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հաստատել է, որ երկրի դեսպանն այնտեղ մեկնել։

«Կան մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ։ Որոշումը շատ բարդ է, դրա համար ժամանակ կպահանջվի»,- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել է Թայանին:

Ներկայում Աֆղանստանում ոչ մի եվրոպական դեսպանություն, բացի Եվրամիության ներկայացուցչությունից, չի գործում։ ԵՄ խոսնակը հրաժարվել է մեկնաբանել առանձին անդամ երկրների դեսպանատների հնարավոր վերաբացումը՝ նշելով, որ դա պետք է որոշեն այդ երկրների կառավարությունները:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը Bloomberg-ին հայտնել է, որ Բրյուսելի պաշտոնյաները փոխել են իրենց միտքը՝ գիտակցելով Աֆղանստանում ԵՄ  երկրների ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը՝ զարգացման ծրագրերին աջակցելու, կանանց իրավունքները պաշտպանելու և ռազմավարական ներկայություն ստեղծելու նպատակով:

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները Bloomberg-ին հայտնել են, որ Քաբուլում իրենց գրասենյակները վերաբացելու անմիջական ծրագրեր չունեն:

Գերմանիայում իշխանությունները բացահայտորեն քննարկում են, թե ինչպես հանցագործություն են կատարած կամ ահաբեկչության համար դատապարտված աֆղանստանցի ապաստան հայցողներին Աֆղանստան վերադարձնելու հարցը: Ներկայում նման անձանց չեն կարող արտաքսել երկրից, քանի որ Գերմանիան Աֆղանստանի թալիբների ռեժիմի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունի։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ քաղաքականապես ճանաչել «Թալիբանը» կամ վերաբացել դեսպանատունը Քաբուլում:

Արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, լքեցին Աֆղանստանը 2021 թվականին՝ տարհանելով իրենց քաղաքացիներին և անվտանգության ծառայության աշխատակիցներին, երբ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրոհեցին Քաբուլը։

Թալիբները դեռևս ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ են ահաբեկչական գործունեության համար, և աշխարհի երկրների մեծ մասը չի ճանաչել նրանց իշխանությունը Աֆղանստանում: Սակայն եվրոպական երկրները հատկապես երկրում հումանիտար իրավիճակին առնչվող մտահոգությունների պատճառով զգուշությամբ են վերաբերվում թալիբների հետ շփումներին: