Վարշավայի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է գազախցիկների եւ մահվան խցերի վայրեր նացիստական նախկին Տրեբլինկա-2 համակենտրոնացման ճամբարի տարածքում։ Այս մասին interia.pl ինտերնետ-պորտալին տեղեկացրել է հետազոտական խմբի ղեկավար Սեբաստիան Ռուժիցկին։
«Նախնական տվյալներով՝ մեզ հաջողվել է հայտնաբերել գազախցիկների տեղեր Տրեբլինկա-2 մահվան ճամբարի տարածքում։ Մեր բացահայտումը համապատասխանում է ճամբարի բանտարկյալների ցուցմունքներին, որոնց հաջողվել է փախչել այնտեղից 1943թ. օգոստոսի 2-ի ապստամբության ժամանակ»,- ասել է նա։
Հետազոտողների տվյալներով՝ նացիստական գազախցիկների գտնվելու տեղերը հայտնաբերվել են ոչ մեծ խորության վրա՝ «սանտիմետրի ճշգրտությամբ»։
Տրեբլինկա-2 համակենտրոնացման ճամբարը կառուցվել է Լեհաստանն օկուպացրած ֆաշիստների կողմից 1942թ. Վարշավայից մոտ 80 կիլոմետր հեռու։ Այստեղ ոչնչացվել է մոտ 800 հազար մարդ, գերազանցապես հրեաներ։ Ոչնչացման գործընթացը ղեկավարել է 40-50 գերմանացիներից բաղկացած խումբը 100-120 ուկրաինացիների աջակցությամբ, տեղեկացրել է պորտալը։





























