Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չի կարողացել պարզել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա Փենսիլվանիայի նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կրակողի՝ Թոմաս Մեթյու Քրուկսի մոտիվներն այն բանից հետո, երբ հարցման է ենթարկվել ավելի քան 100 մարդ։ Միայն հայտնի է, որ նա որոշակի քաղաքական հայացքներ է ունեցել եւ ամեն օր հետապնդումների է ենթարկվել դպրոցում, տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ անգամ այն բանից հետո, երբ ՀԴԲ աշխատակիցները բացել են Քրուկսի հեռախոսը, ուսումնասիրել նրա համակարգիչը, տունը եւ մեքենան, ինչպես նաեւ հարցման ենթարկել ավելի քան 100 մարդու, նրանց համար հանելուկ է մնում, թե ինչու է նա կրակել Թրամփի վրա։ Գործակալությունը նշում է, որ իշխանությունները կարողացել են կազմել միայն հարձակվողի ոչ ամբողջական դիմանկարը։ Նա համադասարանցիներին «խելացի, բայց ներամփոփ մարդ է թվացել, որը հաճախ շրջել է ականջակալներով եւ գերադասել ճաշել միայնակ՝ նայելով հեռախոսին»։ Նրանցից մեկի խոսքով՝ դպրոցում Քրուկսը ենթարկվել է ամենօրյա հետապնդումների իր արտաքինի համար։ Նա իբր կրել է տաօրինակ հագուստներ, այդ թվում որսորդական, ինչպես նաեւ շարունակել է դիմակ կրել կորոնավիրուսի համավարակի ավարտվելուց հետո։

AP տվյալներով՝ նրա քաղաքական հայացքները նույնպես հստակ չեն։ Նա դեմոկրատներին 15 դոլար է նվիրաբերել Բայդենի երդման օրը, թեեւ գրանցվել էր որպես հանրապետական Փենսիլվանիայի նահանգում։ Գործակալությունը նշում է, որ իրավապահները մինչ այժմ չեն գտել որեւէ գրություն, նշում կամ տեղեկություն սոցցանցերում մահվանից առաջ, որոնք կմատնանշեին պատճառը, ինչի համար Քրու,սը կրակել է նախկին նախագահի վրա։