Բարսելոնան կբարձրացնի նավով ճամփորդողների զբոսաշրջային հարկը, որոնք առնվազն 12 ժամով քաղաք են այցելում, El Pais թերթին տված հարցազրույցում ասել է քաղաքապետ Ժաումե Կոլբոնին։
Ըստ քաղաքապետի, քաղաքում կանգ առնող, նավով ճամփորդողների զբոսաշրջային հարկը ներկայումս օրական 7 եվրո է: Սակայն, նա չի ասել, թե որքանով է ավելացվելու հարկը։
Նա նշել է, որ նավով ճամփորդող և առնվազն 12 ժամ քաղաքում կանգ առնող զբոսաշրջիկները ակտիվորեն օգտագործում են հանրային տարածություները՝ առանց քաղաքին որևէ օգուտ տալու։
Ըստ նրա, զբոսաշրջիկները և ոչ թե տեղական հարկատուները պետք է վճարեն տեղական նախագծերի համար, ինչպիսիք են դպրոցների օդորակումը:
Ըստ Կոլբոնիի, այս առաջարկը պետք է համաձայնեցվի Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության հետ։
Վերջին շաբաթներին զբոսաշրջության դեմ շարժման ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացրել իսպանական հայտնի առողջարանային քաղաքներում, ինչպիսիք են Պալմա դե Մայորկան, Մալագան և Կանարյան կղզիները՝ հայտարարելով, որ այցելուները բարձրացնում են բնակարանների գինը, ինչի պատճառով քաղաքի բնակիչները կենտրոնում ապրելու հնարավորություն չեն ունենում:
Բալեարյան ամենամեծ կղզու մայրաքաղաք Պալմա դե Մայորկայում կիրակի երեկոյան հերթական բողոքի ակցիան է նախատեսվում։
Անցյալ ամիս Կոլբոնին հայտարարել էր, որ քաղաքը 2028 թվականին արգելելու է զբոսաշրջիկներին բնակարաններ վարձել, ինչը անսպասելի արմատական քայլ է բնակարանների գների բարձրացումը կանխելու և քաղաքը բնակիչների կյանքի համար պիտանի դարձնելու գործում:





























