Վերջին շրջանում Թուրքիայի Հաքքարի նահանգի Քազանի հովտում թուրքական զինուժի կողմից 30-ից ավել քուրդ զինյալների սպանությունից հետո PKK-ն չի պատրաստվում անցնել ձմռան նախապատրաստությանը։
Թուրքական Bugun կայքի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզության տվյալները վկայում են, թե Թուրքիայում գտնվող PKK-ի զինյալները ձմռան համար չեն շտապում հեռանալ Հյուսիսային Իրաքի իրենց ճամբարները, քանի որ սպանված քուրդ զինյալների համար ցանկանում են վրեժ լուծել թուրքական ստորաբաժանումներից։
Նշվում է, որ PKK-ն գործողություններ իրականացնելու համար Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգների լեռնային հատվածներում պահում է հարյուրավոր քուրդ զինյալներ, որոնք պատրաստվում են վրեժխնդիր լինել Քազանի հովտում սպանված իրենց զինակիցների համար։
Նշենք, որ թուրքական զինված ուժերը հոկտեմբերի 24-ին Հաքքարի նահանգի Քազանի հովտում քուրդ զինյալների դեմ գործողություն են իրականացրել, որի ընթացքում սպանվել է 30-ից ավել քուրդ զինյալ։ Քուրդ գործիչները պնդում են, թե թուրքական զինուժը քուրդ զինյալների դեմ քիմիական զենք է կիրառել, ինչն արգելված է միջազգային օրենքներով։ Նշվում է, որ սպանված մի շարք քուրդ զինյալների դիակների վրա չի եղել փամփուշտի կամ բեկորի հետքեր, նրանք խեղդվել են ինչ որ թունավոր գազերից։



























