«Ժառանգություն» կուսակցությունը, նոյեմբերի 24-26-ին, հերթական հանրային քաղաքացիական ֆորում-քննարկումների շարքն է անցկացրել` Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում:
Բաց ու հանրային երկխոսության ձեւաչափով անցկացված դահլիճային բոլոր հանդիպումների ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկան վարչության ու խմբակցության կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Քաղաքացիական լսարանը ինտերակտիվ բանավեճի միջոցով հնչեցնում էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակի, շարունակական արտագաղթի, համատարած անարդարության եւ իշխանությունների կողմից ապագա ընտրությունների անցկացման անփոփոխ վարքագծի դրսեւորման վտանգի` բռնությունների, կեղծիքների ու անհավասար պայմանների մասին:
«Ժառանգության» ներկայացուցիչները հրապարակել են իրենց կարծիքը համակարգային փոփոխությունների հասնելու նպատակով առաջիկա երկու տարիների ընթացքում ժողովրդական միասնական հարթակ ձեւավորելու եւ ինքնակազմակերպվելու հրամայականի իրացման մասին:
Հայտարարվել եւ ողջունվել է համակարգային փոփոխությունների տանող ճանապարհն անցնելու եւ հաղթահարելու համար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ` «Ժառանգության», լայն հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական համագործակցության անհրաժեշտությունը:
Չնայած ձյունառատ, ցուրտ եղանակին եւ քաղաքացիներին ճնշելու նպատակով իրավապահ մարմինների ներկայությանն ու նկարահանումներին` հանդիպումներն անցել են հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ, գործնական եւ բաց երկխոսության մթնոլորտում` միտված վճռական գործողությունների:




























