Վենեսուելայի նախագահական ընտրություններում Ազգային ընտրական խորհրդի (CNE) հրապարակած ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները չեն կարող հավաստի ճանաչվել՝ այսպիսին է Եվրամիության դիրքորոշումը։ Դրա մասին ասված է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ միջազգային դիտորդները հստակ մատնանշել են միջազգային չափանիշներին Վենեսուելայում քվեարկության կազմակերպման  անհամապատասխանությունները, իսկ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել ընտրատեղամասերից արձանագրությունները, որոնք կհաստատեն Նիկոլաս Մադուրոյի հաղթանակն ընտրություններում, հայտնել է DW-ն։ Միաժամանակ, CNE-ն երկրի ղեկավարին արդեն վերընտրված ղեկավար է հռչակել։

«Ընդդիմության հրապարակած և մի քանի անկախ կազմակերպությունների վերանայած ընտրությունների քվեարկության արձանագրությունների պատճենները ցույց են տալիս, որ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան, ըստ ամենայնի, զգալի տարբերությամբ նախագահական ընտրությունների հաղթողն է», - ասված է Բորելի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնապես Գոնսալեսին ընտրությունների հաղթող էր ճանաչել՝ «անհաղթահարելի տարբերությամբ»։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Վենեսուելայի կառավարությանը «երկրի ընտրական օրենքներին և ժողովրդի ցանկություններին համապատասխան քննարկումներ սկսել իշխանության հարգալից, խաղաղ անցման շուրջ»:

ԵՄ-ն միջազգայնորեն անկախ ճանաչված մարմնին կոչ է արել վերանայել ընտրությունների արձանագրությունները, և որոշ երկրներ պահանջում են, որ CNE-ն գոնե ապացույցներ ներկայացնի քվեարկության արդյունքների վերաբերյալ: Բրյուսելը չի ​​ճանաչում Մադուրոյի լեգիտիմությունը նրա երկրորդ ժամկետի համար. նախորդ ընտրությունները երկրում ընթացել էին նմանատիպ սցենարով, որից հետո Մադուրոյի ռեժիմը սկսել է հետապնդել ընդդիմությանը, և երկրում տևական քաղաքական ճգնաժամ է սկսվել: