Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ժամանել է Վրաստան: Այս մասին Թբիլիսիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները երկկողմ եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թբիլիսիում նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: