Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հիշում է երկրում 16 տարի առաջ ծավալված իրադարձությունները։ Facebook սոցիալական ցանցում պետության նախկին ղեկավարը գրել է. «2008թ. մեր բանակը դիմացավ, մարդիկ դուրս եկան փողոցներ, ես մնացի Թբիլիսիում եւ աշխարհը ոտքի հանեցի, մեր գործընկերները եկան Թբիլիսի, եւ ամերիկացիները նավատորմ ուղարկեցին՝ փրկելու վրացական պետականությունը։ Ինձ գերության մեջ են պահում, որովհետեւ ես թշնամուն չհանձնեցի Վրաստանը։ Այն ժամանակ թշնամին չկարողացավ մեզ զավթել, եւ սա ողբերգություն է. այն, ինչը մենք մեր ուժերով պաշտպանեցինք, հիմա ստիպված ենք նորից ձեռք բերել։ Հոկտեմբերի 26-ին (խորհրդարանական ընտրություններում- խմբ.) մենք պետք է վերականգնենք Վրաստանի անկախությունն ու ազատությունը մեկ անգամ եւս 1991-ից հետո»։
Վրաստանը եւ երկրի միջազգային գործընկերները Աբխազիան եւ Հարավային Օսիան համարում են տարածքներ, որոնք օկուպացրել է Ռուսաստանի Դաշնությունը։ Նրանց անկախությունը ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան եւ Նաուրուն։
2008թ. օգոստոսյան պատերազմում զոհվել են 228 վրացի խաղաղ բնակիչ եւ 14 ոստիկան։ ՊՆ վերջին տվյալներով՝ զոհված են համարվում 169 զինծառայողներ։ Պատերազմի ժամանակ վիրավորվել է 1 747 մարդ։ Մոտ 150 000 մարդ հեռացել է իր տներից, նրանցից 30 000 մնում է վտարանդիության մեջ։




























