Գերմանիայի արևմտյան Մոզել գետի ափի գինեգործական քաղաքում հյուրանոցի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ժամեր անց պարզվել է, որ ևս երկուսը մնացել են փլատակների տակ, հայտնել է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Երեքշաբթի տեղական ժամանակով 23:00-ի սահմաններում Քրոևե հյուրանոցում շենքի մեկ հարկի փլուզման պահին 14 մարդ կար:

Ոստիկանությունը հայտնել է, որ հինգ մարդ հասցրել է անվնաս փախչել շենքից, քանի որ փլուզված հատվածում չեն եղել: Բայց մնացածը հայտնվել են ծուղակում:

Փրկարարներին հաջողվել է բջջային հեռախոսով կապ հաստատել նրանցից մի քանիսի հետ։ Բեռնկաստել Վիտլիհ թաղամասի հրդեհային և աղետների պաշտպանության տեսուչ Յորգ Թեուշիը պատմել է, որ փլատակների տակ մնացածներին հանելու աշխատանքը բարդացել է, քանի որ մեկ հարկի փլուզման հետևանքով երկու հարկ դարսվել են իրար վրա:

Չորեքշաբթի հինգ մարդ է փրկվել։ Փրկվել է 2-ամյա երեխա, որին անվնաս դուրս են բերել, և երեխայի մայրը, որը թեթև վնասվածքներ է ստացելվ։ Ավելի ուշ հաջողվել է փրկել նաև երեխայի հորը։

Թեուշը նշել է, որ կառույցի փլուզման պատճառը դեռ պարզված չէ։ Ենթադրվում է, որ հյուրանոցի սկզբնական շենքը կառուցվել է 17-րդ դարում, սակայն 1980 թվականներին լրացուցիչ հարկեր են ավելացվել:

Տեսուչը հավելել է, որ երեքշաբթի շինարարական աշխատանքներ էին ընթանում, սակայն պարզ չէ, թե արդյոք դա առնչվում է շենքի փլուզմանը։ Տարածաշրջանային հանրային SWR հեռուստաընկերությունը հայտնել է, որ ականատեսները նկարագրել են պայթյուն և փլուզման պահին տեսել են փոշու մեծ ամպ:

Փրկարարական աշխատանքներին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության 250 աշխատակից, որոնց թվում՝ անօդաչու թռչող սարքերի մասնագետներ, ինչպես նաև փրկարար շներ։