Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում:

Այս առնչությամբ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.

«Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին:

Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես  ինքը որակեց, ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում: Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ  իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները,  այդ թվում նաեւ առաջին նախագահը: Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից,  հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է  խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել:

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը  մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, ապա ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին  ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական  քայլերից եւ չխաղալ կրակի հետ: Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե ինքը, եւ թե իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը:

Իմ կողմից ավելացնեմ, որ իրոք, անչափ կարեւոր է մինչեւ նոր ընտրությունները ամբողջովին հասկանալ, թե ինչո՞ւ մեր երկրում հնարավոր եղավ մարտի 1-ը, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց, ովքե՞ր կարող էին կանխել, որ չկանխեցին: Իսկ ընդհանրապես, բոլորին պարզ ու հասկանալի պետք է լինի, որ մենք թույլ չենք տալու շահարկել մեր կուսակցության անունը, ով էլ որ այդ շահարկողը լինի:

Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, որոշակի պարբերականությամբ մամուլում սպրդում եմ նման ստահոդ տեղեկություններ, որոնց մենք դեռ երկու տարի առաջ պաշտոնապես պատասխանել ենք: Հարկ եմ համարում մեջբերել այդ հայտարարությունից մի հատված:

«Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որեւէ մեկը որեւէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ եւ ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» պայքարի արդար ընտրությունների համար, նրանց հետ հնարավոր է դիտարկել համագործակցության տարբերակներ: Նա շեշտել էր, որ ասվածն իր անձնական կարծիքն է եւ չի արվում ողջ Հայ ազգային կոնգրեսի անունից: Առավել եւս դա համագործակցության առաջարկ չէ եւ կարող է ընդունվել միայն որպես քաղաքական վերլուծություն: