Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելությունը մեր երկրում:
NEWS.am-ին Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարության եւ UNICEF-ի համագործակցության արդյունավետ փորձը հնարավորություն կտա ձեւավորել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ` հօգուտ Հայաստանի երեխաների: «Մենք կարեւորում ենք նոր եւ ինտենսիվ որակի համագործակցությունը: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապագայի համար հուսալի եւ ամուր հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթության եւ գիտության նախարարության գերակայությունն է»,- մասնավորապես նշել է նախարար Ա. Աշոտյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Արենսին, նշելով, որ հաճույքով է աշխատանքի անցել մեր երկրում, ընդգծել է, որ UNICEF-ի համար կրթության ոլորտն առանցքային է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Կրթության եւ գիտության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերին, որոնցից կարեւորվել է հատկապես համագործակցությունը ներառական կրթության ոլորտում: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել, որ ներառական կրթության ոլորտում Հայաստանը համարվում է տարածաշրջանում առաջատարը, եւ նշել, որ այս ուղղությամբ մշակվում են նոր ծրագրեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ու շարունակականությունը, ինչպես նաեւ քննարկել նոր նախագծեր:




























