Անվտանգության աջ արմատական նախարար Իտամար Բեն Գվիրը քննադատել է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների շարունակումը Գազայում պատանդների մասին համաձայնագրի և հրադադարի շուրջ՝ ասելով, որ «դա հավասարազոր կլինի ահաբեկչական խմբի առաջ կապիտուլյացիայի»:
Իսրայելական 103 FM ռադիոյին տված հարցազրույցում Բեն Գվիրը նաև կոչ է արել դադարեցնել օգնությունը Գազայի հատվածին, ինչը, ըստ Իսրայելի դաշնակիցների բազմիցս արված հայտարարությունների, կհանգեցնի կարմիր գիծն անցնելուն և կարժենա Իսրայելին նրանց աջակցությունը:
«Մենք ջախջախում ենք ՀԱՄԱՍ-ը,- հայտարարել է Բեն Գվիրը՝ պնդելով, որ ինքը մարտադաշտ է մեկնել տեղական հրամանատարներից տեղեկություններ ստանալու համար:- Նշանակում է, հիմա պիտի գնանք համաժողովի ու հանձնվե՞նք։ Սա վարչապետի լուրջ սխալն է։ Սխալ է աջակցել ՀԱՄԱՍ-ին, որը բռնաբարել է, սպանել և այրել է մանուկների, և մենք պատրաստվում ենք հանձնվե՞լ նրանց»:
Բեն Գվիրը կրկնել է նաև Գազա վառելիքի և մարդասիրական օգնության մատակարարումը դադարեցնելու իր կոչերը։
«Եթե մենք կտրենք նրանց վառելիքի հասանելիությունը, մեկ շաբաթից նրանք ծնկի կգան։ Իսկ եթե կանգնեցնենք մարդասիրական օգնության մեքենաները, ապա երկու շաբաթից նրանք կհանձնվեն։ Ուրեմն ինչո՞ւ ենք պատրաստվում գործարքի գնալ, այն էլ այդպիսի անպատասխանատու գործարքի։ Ի՜նչ անհեթեթություն, ի՜նչ սարսափելի սխալ, ի՜նչ մեծ աղետ։ Մենք կարող ենք հասնել լիակատար հաղթանակի»,- ասել է նա։





























