Իսպանացի Իվան Սերվանտեսը, Triumph Tiger 1200 GT Explorer «երկաթե ձին» հեծնած Գինեսի նոր ռեկորդ է սահմանել մոտոցիկլետով 24 ժամում անցած ամենաերկար տարածության համար, հայտնում է Naked Science-ը։

Սերվանտեսն անցել է 4012,53 կիլոմետր տարածություն՝ գերազանցելով 2017 թվականին ամերիկացի Կարլ Ռիսի նախորդ ռեկորդը ավելի քան 600 կիլոմետրով։

Համաշխարհային ռեկորդը սահմանվել է Իտալիայի «Նարդո» տեխնիկական կենտրոնի արագընթաց օղակում։ Սերվանտեսն, ընդհանուր առմամբ, 317 շրջան է կատարել, իսկ միջին արագությունը ժամում կազմել է 167,79 կիլոմետր։

Հետաքրքիր է, որ մոտոցիկլետը, որի վրա սահմանվել է համաշխարհային նոր ռեկորդը, չի ենթարկվել արդիականացման կամ դիզայնի փոփոխության։ Այն պատահականության սկզբունքով ընտրվել է Անգլիայի Triumph գործարանից։