Շիրակի մարզի Բասեն համայնքի բնակիչները գազիֆիկացում են պահանջում: Նրանք բողոքում են, որ հարեւան ավելի հեռավոր գյուղերում գազ կա, իսկ իրենք շարունակում են աթարով, լավագույն դեպքում՝փայտով տաքանալ:
«Տարիներ առաջ մեզ խոստացել են, որ գյուղում գազ են քաշելու, սակայն չգիտեմ ես դեռ կտեսե՞մ այդ օրը, թե` ոչ: Հազիվ թե»,-դժգոհել է Բասեն համայնքի 72-ամյա բնակիչ Սուսաննա Ռեհանյանը: Բասենցիների խոսքով, իրենք անգամ դիմում են ուղարկել հանրապետության ղեկավարին, խնդրով դիմել են նաեւ Շիրակի մարզպետարան, սակայն դրական պատասխան այդպես էլ չեն ստացել: Իսկ գյուղի մանկապերտեզում ջեռուցման խնդիրը փորձել են լուծել սաների վարձավճարների բարձրացման հաշվին, ձմռան ամիսներին ջեռուցում են միայն մասնաշենքի մի հատվածը:
«Բասենի մանկապարտեզը ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու մասին խոստում տրվեց մեկ տարի առաջ, երբ այն շահագործման էր հանձնվում: Հիմա սակայն մենք կանգնած ենք փաստի առաջ, համապատասխան ջերմաստիճան ապահովելու հնարավորություններ համայնքային բյուջեն չունի, իսկ վարձավճարների բարձրացման պարագայում գյուղացին կհրաժարվի երեխային ուղարկել մանկապարտեզ»,-հավաստել է հաստատության տնօրեն Մանե Հովհաննիսյանը:
Խնդիրը փորձել են լուծել հետեւյալ տարբերակով, ձմռան ամիսներին ջեռուցում են մասնաշենքի մի հատվածը միայն: Տնօրինությունը չի բացառում նաեւ այն հանգամանքը, որ նախակրթարանը ձմռան ամիսներին փակեն, քանի որ օրեցօր երեխաների թիվը նվազում է:
Գազաֆիկացված չեն նաեւ Բասենին հարեւան Կառնուտ, Հովիտ, եւ Ջրառատ համայնքները:




























