Հնագետները հայտնաբերել են կնոջ և տղամարդու աճյուններ, որոնք զոհվել են, երբ մոտ 2000 տարի առաջՎեզուվ լեռան հրաբխային հոսքերը ոչնչացրել են Պոմպեյ քաղաքը:

Երկու զոհերի վերջին հայտնաբերման մանրամասները հրապարակվել են Scavi di Pompei (Պոմպեյի պեղումները) էլեկտրոնային հանդեսում։

Հնագետներն ասում են, որ գտածոները պատկերացում են տալիս այն մարդկանց կյանքի վերջին պահերի մասին, ովքեր փորձում էին փախչել կործանվող հին հռոմեական քաղաքից ու փրկվել:

Պոմպեյը ժամանակակից Նեապոլից հարավ ընկած աշխույժ առողջարանային քաղաք էր: Քաղաքը Վեզուվիից մոտ 10 կմ հեռավորության վրա էր, որն առ այսօր գործող հրաբուխ է համարվում։

Հնագետները կմախքի մնացորդներ են հայտնաբերել տանը, որի պեղումները սկսել են 2023 թվականին։ Չնայած համեմատաբար փոքր տարածքին, պեղումները բարդ էին, գրում են գիտնականներն իրենց հոդվածում։

Կնոջ կմախքը մահճակալի կողքին էր՝ գրկին բուռ գանձեր՝ ոսկե, արծաթե և բրոնզե մետաղադրամներ և մի զույգ մարգարտաշար ոսկյա ականջօղ:

Կնոջ մոտ նաև բանալի կար, որը, ըստ երևույթին, ամրացված էր մահճակալի դիմաց փոքրիկ սնդուկին, ինչը վկայում է, որ կինը փախչելուց առաջ փորձել է արժեքավոր իրերը վերցնել իր հետ:

Հիմնվելով նրա ցայլոսկրի և ատամների վերլուծության վրա՝ կինը մահանալիս մոտ 35-45 տարեկան է եղել: Երիտասարդը, որը մահվան պահին եղել է 15-20 տարեկան, ճզմվել է փլուզվող պատի ծանրության տակ և հայտնվել սենյակի մեկ այլ անկյունում՝ շատ նեղ տարածության մեջ:

Նա, հասել էր կացարանի այն հատվածին, որն, ըստ ամենայնի, տան ելքն էր։

Գիտնականները հաշվարկել են, որ մ.թ 79 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ քաղաքում ապրել է 10 հազարից մինչև 20 հազար մարդ, և մոտ 2000 մարդ, հավանաբար, մահացել է պիրոկլաստիկ հոսքի հետևանքով շփման 20 րոպեի ընթացքում:

Պիրոկլաստիկ հոսքը հրաբխային ժայթքման ժամանակ ձևավորված բարձր ջերմաստիճանի հրաբխային գազերի, լավայի, մոխրի և ժայռերի բեկորների խառնուրդ է։ Հոսքի արագությունը երբեմն հասնում է ժամում 700 կմ-ի, իսկ գազի ջերմաստիժանը՝ 100-800 աստիճան ըստ Ցելսիուսի: