Առայժմ անանուն երկնաքերը, որը նախագծել է Michael Green Architecture (MGA) ճարտարապետական ​​արվեստանոցը, կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր փայտե շինությունը, գրում է nud-science-ը։

MGA-ն ենթադրում է, որ աշտարակը, որը նախատեսվում է կառուցել Միլուոկիում (ԱՄՆ Վիսկոնսին նահանգ), բաղկացած կլինի 55 հարկից։ Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենաբարձր փայտե շենքը, որը նույնպես գտնվում է Միլուոկիում, Ascent-ն է՝ 25 հարկով:

Նոր երկնաքերը մասամբ կանաչապատված կլինի և կունենա մի քանի սանդղավանդ։ Շենքում կլինեն բնակելի և գրասենյակային տարածքներ, ինչպես նաև հյուրանոցային համարներ։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք շինարարության ընթացքում բետոն կօգտագործվի կառուցվածքին կայունություն հաղորդելու համար: Ի դեպ, ամբողջապես փայտե ամենաբարձր շինությունը, որը ստեղծվել է առանց բետոնի ամրացման, մնում է Նորվեգիայի Mjøstårnet-ը՝ 85,4 մետր բարձրությամբ (18 հարկ):