Լեհաստանում մերձքաղաքային ավտոբուսը բախվել է գնացքին: Վթարի հետևանքով ավտոբուսը լրջորեն վնասվել է, չորս ուղևոր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ըստ լեհական Goniec պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:59-ի սահմաններում Վարշավայի մերձակայքի Կոմարովո քաղաքում։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը Գրոդիսկ Մազովեցկիից Վարշավա սլացող գնացքին ճանապարհը չի զիջել։ Վթարի հետևանքով այս երթուղում գնացքների երթևեկության լուրջ խափանումներ են եղել։
Վարշավայի ոստիկանության գլխավոր շտաբի ներկայացուցիչը նշել է, որ ավտոբուսի վարորդն ու գնացքի մեքենավար Կամիլա Սոբոտկան վթարի պահին սթափ վիճակում են եղել։
Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն ու ոստիկանությունը դեպքի մանրամասները պարզելու համար շրջափակել են տարածքը և ձեռնարկել միջոցառումներ։
Երթևեկությունը դադարեցվել է երկու գծերի վրա՝ ուշացումներ և ժամանակացույցի փոփոխություններ առաջացնելով:





























