ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտնել է, որ Իսրայելն ընդունել է հրադադարի մասին բանակցություններում բացերի վերացման առաջարկը, եւ ՀԱՄԱՍ-ը պետք է անի հաջորդ քայլը հետագա բանակցություններում, որոնք տեղի կունենան այս շաբաթ ավելի ուշ, տեղեկացրել է CNN-ը։

«ՀԱՄԱՍ-ի հաջորդ կարեւոր հայտարարությունն «այո» ասելն է, իսկ հետո բոլոր բանակցողները կհավաքվեն միասին՝ համաձայնության մշակման համար»,- ասել է Բլինքենը Թել Ավիվի մամուլի ասուլիսում։

Նա հայտնել է, որ հրադադարի համաձայնությանն ուղղված ջանքերը հասել են «վճռական պահի»։

«Սա, հավանաբար, վերջին հնարավորությունն է՝ տուն վերադարձնելու պատանդներին, հասնելու հրադադարի եւ հարթելու ամուր խաղաղության եւ անվտանգության ուղին,- ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ միասին՝ իրենց հանդիպումից առաջ։- Եկել է բոլորի կողմից «այո» ասելու ժամանակը։ Ժամանակն է անել դա։ Եկել է նաեւ համոզվելու ժամանակը, որ ոչ ոք որեւէ քայլ չի ձեռնարկի, որոնք կարող են խափանել այս գործընթացը»։

Բլինքենն ընդգծել է պահի հրատապությունը՝ նշելով, որ «տեղի են ունենում անկանխատեսելի իրադարձություններ, որոնք կարող են իրավիճակն ավելի բարդացնել»։

Չնայած Նեթանյահուի համաձայնությանը՝ նախկինի պես լուրջ խնդիրներ կան։ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն չի համաձայնել այդ առաջարկին, այլեւ բանակցությունների մասնակիցները դեռ աշխատում են կոնկրետ մանրամասների վրա, թե ինչպես կիրականացվի համաձայնագիրը, ինչպես կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները, ասել է բարձրաստիճան դիվանագետը։