Մերձավոր Արեւելքում երբեք հանդարտ չի լինի եւ միտումներ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է է արաբագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։
Արաբագետը նշել է, որ պատմականորեն շատ կարճ ժամանակահատվածներ են եղել, երբ Մերձավոր Արեւելքում հարաբերական հանդարտ է եղել։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախորդ տարվա հոկտեմբերի յոթից սկսած իրադրության սրումից հետո արդեն իններորդ անգամ է այցելել տարածաշրջանը եւ այս անգամ կարծես թե հայտարարեց, որ անձամբ Նաթանյահուն (Իսրայելի վարչապետը - խմբ․) տվել է համաձայնություն այն պայմաններին, որոնց շուրջ բանակցել են», - նշել է Հայկ Քոչարյանը։
Սակայն նրա խոսքով՝ դրան զուգահեռ կան Նաթանյահուի խոսքերը, երբ նա ասում է, որ իսրայելական բանակը դուրս չի գալու այսպես կոչված Ֆիլադելֆիական միջանցքից։ Դա Գազան Եգիպտոսի հետ կապող հատվածն է, որի վերաբերյալ Իսրայելը պայման է դնում՝ ցանկանալով այն պահել իր վերահսկողության տակ, որպեսզի թույլ չտա վերազինվել ՀԱՄԱՍ-ին կամ պաղեստինյան ընդդիմադիր այլ շարժումներին, որոնք արդեն ձեւավորվում են այդ ամբողջ կոնտեքստում։
«Դա կարող է խանգարել հերթական անգամ բանակցություններին։ Միացյալ Նահանգների տեսանկյունից հարցը պետք է լուծել եւ պետք է շատ արագ մինչեւ ընտրությունները հասնել ինչ-որ արդյունքի», - ասել է փորձագետը։
Հայկ Քոչարյանի խոսքով՝ Նաթանյահուն, հասկանալով այդ ամբողջը, ելնում է իր իշխանությանը մնալու շահերից, որը ենթադրում է անդադար լարվածություն եւ ռազմական գործողություններ։
Արաբագետի կարծիքով՝ կարելի է արձանագրել, որ Գազայում այս մեկ տարում նվազել է ՀԱՄԱՍ-ի ներուժը, սակայն ռմբակոծություններ դեռ կան, թեեւ այլեւս նրանք այն քանակի չեն, ինչ նախկինում։
Մյուս կողմից փորձագետը նշել է Լիբանանի եւ «Հեզբոլլայի» ետ կապված իրավիճակը։
«Շատ հաճախ, երբ մենք խոսում ենք Մերձավոր Արեւելքի հետ Իսրայելի հարաբերությունների մասին, որպեսզի պատկերը պարզ լինի, պետք է հասկանալ, որ Իսրայելում էլ հյուսիսային, հարավային շրջանները, որոնք սահմանակից են, տեղահանված են, շատ շինություններ քանդված են հրթիռակոծության արդյունքում։ Այսինքն կա ներքին տեղահանված զանգված Իսրայելում։ Բայց քանի կան աջակիցներ հանձինս Միացյալ Նահանգների, որը ռազմական գործընկերն է Իսրայելի եւ ռազմական շահերը պաշտպանում է՝ ֆինանսական աջակցությունը իր հերթին, ռազմական աջակցությունը իր հերթին, սրանք դեռ կարողանում են իսրայելական ներքին լսարանին պահել այն վիճակում, որը ե՜ւ պայթյունավտանգ է, բայց դեռ այն իրավիճակին չի հասել, որ Նաթանյահուի իշխանությանը սպառնա», - ասել է Հայկ Քոչարյանը։




























