Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, նոյեմբերի 29-ին, Գավառ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Գեղարքունիքի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի եւ դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությանը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների եւ ուսանողների այցելություններ ցուցահանդես:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաեւ մարզերի աշակերտների, ուսանողների եւ բնակչության համար:
Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ֆինանսական ծառայությունների գնալով ընդլայնվող ոլորտն իր պահանջն է դնում հասարակության առջեւ՝ հասկանալու եւ տիրապետելու ֆինանսական գործիքներին եւ հիմնական տնտեսական հասկացություններին:
Ցուցահանդեսի ընթացքում Կենտրոնական բանկի աշխատակիցները դասախոսություններ են կարդալու ցուցահանդեսի այցելուների եւ ուսանողների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում եւ Գյումրիում:




























