Հինգշաբթի օրը Նեպալը չեղարկել է չինական Tik Tok հավելվածի արգելքը՝ ավելի քան ինը ամիս անց այն բանից հետո, երբ «սոցիալական ներդաշնակությունն ու բարի կամքը» խախտելու համար տեսահոլովակների տարածման հանրահայտ հավելվածն օրենքից դուրս էր համարվել, հաղորդում է Reuters-ը:

Որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստում։ Նշվում է, որ ընկերությունը համաձայնել է համագործակցել Նեպալի իրավապահ մարմինների հետ TikTok-ի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում և դրա բովանդակությունը կարգավորելու համար, գործակալությանն է  հայտնել կառավարության անանուն աղբյուրը։

TikTok-ը, որի հոլդինգային ընկերությունը Պեկինում տեղակայված ByteDance-ն է, հայտնել է, որ գոհ է այս որոշումից:

Նեպալի նախորդ կառավարությունն արգելել էր հավելվածը նոյեմբերին՝ պատճառաբանելով դրա սխալ օգտագործման մտահոգությամբ:

Չորս տարվա ընթացքում Հիմալայներում գրանցվել էր Tik Tok-ի հետ կապված ավելի քան 1600 կիբերհանցագործության դեպք:

Արգելքի արդյունքում բողոքի ցույցեր սկսվեցին։ Օգտատերերը հայտարարեցին, որ արգելքը զրկել է իրենց եկամտի աղբյուրից: Ըստ Նեպալի ինտերնետ մատակարարների ասոցիացիայի տվյալների, TikTok-ն այդ ժամանակ Նեպալում ուներ 2,2 միլիոն օգտատեր: