Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների ուղիղ կեսն ստացվել է ավելացված արժեքի հարկից: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության այսօր` նոյեմբերի 30-ին հրապարակած պետական բյուջեի 10 ամսվա կատարողականի հաշվետվությունում:
Ընդհանուր առմամբ` պետական բյուջեի եկամուտները հունվար-հոկտեմբերին կազմել են մոտ 690 մլրդ դրամ, որը տարեկան ծրագրի 81.5 տոկոսն է: Ծախսերը զգալի թերակատարվում են եւ կազմել են 719 մլրդ դրամ, կամ տարեկան ծրագրի 76.2 տոկոսը:
Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
Հարկային եկամուտները (առանց սոցապ վճարների) կազմել են 540 մլրդ դրամ: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 48.6 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի եւ մաքսատուրքի աճով:



























