Արարատի մարզում այսօր` նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Վեդիի ծննդատան 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների ավարտի արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթեւոսյանն ու ծննդատան անձնակազմը:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակում ներկվել են պատերը, փոխվել են պատուհանները եւ դռները, էլեկտրականության եւ ջեռուցման համակարգերը, կառուցվել է կաթսայատուն, ինչպես նաեւ տրամադրվել է գեներատոր` արտակարգ պատահարների դեպքում անխափան հոսանք մատակարարելու նպատակով: Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 230.000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նախնական պլանավորման, պայմանագրերի կնքման ինչպես նաեւ որակի հսկողության բոլոր աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից: Աշխատանքները կատարվել են տեղական ՍԵՍԿՕ ընկերության կողմից եւ տեւել են տաս ամիս:
Հիվանդանոցը սպասարկում է Արարատի մարզի 13,000 կանանց` տարեկան ընդունելով 800 ծնունդ: Այժմ, երբ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, ծննդատունը կկարողանա ավելի լավ ծառայություններ մատուցել Հայաստանի հարավային շրջանների բնակչությանը:




























