Բնապահպանական աղետ հունական Վոլոս նավահանգստում. սատկած ձկները համատարած գորգի պես ծածկում են նավահանգստի ջրերը։ Ձկներին հանում  են բոլոր հնարավոր միջոցներով և ուղարկվում թափոնների այրման կայաններ։ Մեկ օրում 40 տոննա սատկած ձուկ են հավաքում, հայտնում է Euronews-ը։

Տեղի բնակիչները դժգոհում են սարսափելի հոտից, իսկ գիտնականներն ահազանգում են՝ փտած ձկների նման քանակությունը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ծովածոցի էկոլոգիայի վրա։

Գիտնականների կարծիքով՝ պատճառը անցյալ տարի տեղի ունեցած աղետալի ջրհեղեղն էր. դրա պատճառով գետերից և առուներից շատ ձկներ թափվեցին մի փոքրիկ լիճ, որը տասնամյակներ առաջ ցամաքեցվեց մալարիայի դեմ պայքարելու համար, սակայն վերականգնվեց 2018 թվականին՝ հանուն երաշտի դեմ պայքարի։

Ջրհեղեղից հետո լճի ջրի ծավալը եռապատկվել է, սակայն այս ամառ շոգը կրկին չորացրել է այն, և ձկները ստիպված են եղել փախչել դեպի ծով տանող ջրանցքներով ու գետերով։ Աղի ջրի հետ շփումը սպանել է քաղցրահամ ջրերում ապրող ձկներին: Բնապահպաններն հայտարարում են, որ իշխանությունները պետք է ցանց տեղադրեին հարկադիր միգրացիայի ճանապարհին, սակայն դա չի արվել։

Քաղաքի առևտրային խորհրդի տվյալներով՝ նավահանգստում ձեռնարկատիրական ակտիվությունը երեք օրվա ընթացքում արդեն նվազել է 80%-ով, և իշխանությունները վախենում են զբոսաշրջության ոլորտի համար հսկայական կորուստներից:

«Ծովափնյա ձեռնարկությունները, մասնավորապես հասարակական սննդի սպասարկման ոլորտում, ներկայում դադարեցնում են գործունեությունը», - ասված է խորհրդի հայտարարության մեջ: