Վերջին շրջանում Երեւանում տրանսպորտի վիճակը կտրուկ վատացել է: NEWS.am-ի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում, առանձին երթուղայինների համարներ են նշվում, վարորդների կողմից վատ վերաբերմունքի մասին է բարձրաձայնվում: Օրինակ` մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը` Աննան, նշեց, որ ստիպված է լինում մեկ ժամ սպասել, մինչ կժամանի 122 երթուղու միկրոավտոբուսը:

Նա պատմեց, որ մի անգամ, երբ մեկ ժամ սպասելուց հետո եկել է այդ երթուղայինը, ինքը կանգնեցրել ու հարցրել է, թե ինչու մեքենա չկա, վարորդը պատասխանել է, թե «ինչքան ուզում ես սպասիր, ես էլ չեմ գնում, հեսա մեկ ուրիշը կգա», իսկ մեկ ուրիշն էլ եկել է 20 րոպեից:

Մեր համաքաղաքացիները զանգահարում են եւ պատմում իրենց ամենօրյա «տառապանքների» մասին,  թե քանի ժամ են սպասում, հետո ինչպես են անմարդկային պայմաններում երթեւեկում: «Ամեն օր տնից դուրս եմ գալիս` հույսով, որ ժամանակին կգա տրանսպորտս, բայց շատ հաճախ կանգառում ժամեր եմ անցկացնում, հաշվում, թե որ համարից քանի հատ անցավ, մինչ գալիս է իմ 122-ը: Երեկոյան էլ էնքան լցված է լինում, որ բռնվելու կարիք չի լինում, կանգառներում շերտ-շերտ իջնում ենք»,- պատմեց Աննան`  ով դժգոհ էր նաեւ 26 համարի ավտոբուսից:

Մեր խմբագրություն ահազանգած մյուս քաղաքացին` Արամը, բողոքում էր Նոր Նորք 4-րդ զանգվածից մեկնարկող 123 համարի միկրոավտոբուսից. «Ամեն օր մի 20-30 րոպե կանգառում սպասելուց հետո ստիպված 2 կանգառ քայլում եմ դեպի երթուղու վերջնականգառ, քանի որ մեքենաները, շատ հաճախ, արդեն լցված լինելու պատճառով շեղվում են իրենց երթուղուց եւ կարճ ճանապարհով իջնում քաղաք: Վերջնականգառում էլ լիքը շարված մեքենաներ կան, բայց չեն գալիս: Հարցնում եմ, ասում են` այս մեքենաները փչացած են, դրա համար էլ ուշ-ուշ ենք գալիս: Ստիպված ենք լինում սպասել, մինչեւ «չփչացած» մի երթուղային գա: Ու էդպես ամեն օր ես 123 համարի պատճառով ուշանում եմ  աշխատանքից ու կապ չունի, թե ժամը քանիսին եմ դուրս գալիս տնից»,- ասաց Արամը:

Հաշվի առնելով ստացած ահազանգերը` մենք մի քանի երթուղայինների հետ կապված հարցումներ ուղարկեցինք քաղաքապետարան` փորձելով գտնել սպասարկող ընկերություններին, սակայն ապարդյուն: Ըստ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող 122 համարի միկրոավտոբուսների ժամանումների միջեւ ընկած ժամանակահատվածը 7-8 րոպե է: Երթուղում, համաձայն Երեւանի քաղաքապետարանի կողմից NEWS.am-ին տրամադրած տվյալների, գործում է 13-14 ավտոմեքենա: «Պողոսյան-Ղազարյան» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող 123 համարի միկրավտոբուսների ժամանումների միջեւ ընկած ինտերվալը 6-7 րոպե է, իսկ երթուղում առկա է 23-24 ավտոմեքենա:

«ՄԳ-Հաուզին» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող 26 համարի ավտոբուսի ինտերվալը 12-13 րոպե է, իսկ երթուղում առկա է 10-11 մեքենա:

Մեզ ահազանգած քաղաքացիները, ծանոթանալով պաշտոնական տվյալներին, մեղմ ասած, զարմացան` շեշտելով, որ երբեւէ նման ժամանակահատվածում երթուղայինները չեն գալիս, իսկ երթուղայինների թվաքանակի մասին տվյալները խիստ կասկածելի են:

Մենք փորձեցինք կապվել տվյալ երթուղիները սպասարկող ընկերությունների հետ, սակայն քաղաքապետարանից մեզ որեւէ կոնտակտ չտրամադրեցին` պատճառաբանելով, որ չունեն: Տեղեկատուներում եւս այդ ՍՊԸ-ների մասին տվյալներ չկային: Ինչ վերաբերում է երթուղայինների ներսում երբեմն-երբեմն փակցված հեռախոսահամարներին, ապա  օրինակ` 122 համարի երթուղայինում նշվող հեռախոսահամարը, պարզվեց, որեւէ կապ չունի այդ երթուղայինի հետ:

Հարց է առաջանում` ի՞նչ պետք է կամ կարող է անել շարքային քաղաքացին, որի տրանսպորտային միակ միջոցը երթուղայիններն են եւ նա չի կարող բոյկոտել ու չօգտվել հասարակական տրանսպորտից: Լավագույն դեպքում քաղաքացիները կարող են բողոքել, ահազանգել, լրագրողները կարող են գրել այդ մասին, բայց արդյոք դա բավարար է վիճակը շտկելու համար:

Հուսանք, այս հրապարակումից հետո գոնե այս երթուղայինների մասով ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը