Գյումրիում վերջին 3 տարիների ընթացքում բնակարանների գները նվազել են շուրջ 40 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Գասմա ինվեստ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արսեն Նուրիջանյանը, հավելելով, որ պատճառը ոլորտում առկա անկայունությունն է եւ տնտեսական ճգնաժամը:

«Գործակալության ուսումնասիրությունների համաձայն հանրապետության տարբեր բնակավայրերի, մասնավորապես մայրաքաղաքի հետ համեմատ, Գյումրիում բնակարաններն ավելի մատչելի են: Հատկանշական է, որ զգալիորեն նվազել են նաեւ քաղաքի կենտրոնական հատվածներում վաճառվող սպասարկման օբյեկտների եւ բնակարանների գները: Իսկ կայունություն առաջիկա ամիսներին սպասելու նախադրյալներ չկան»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արսեն Նուրիջանյանը, հավելելով, որ օտարման գործարքների թիվը եւս նվազել է: «Քաղաքացին գնողունակ չէ, բացի այդ վարձակալությամբ առաջարկվող պայմանները եւս ձեռնտու չեն», -նշել է նա:

Շրջապատ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եպրաքսիա Մեխակյանն իր հերթին նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ միջինը 50 հայտարարությունների տպագրման հայտ են ստանում, ինչը նախկինի համեմատ մի քանի անգամ շատ է: