Միջնորդությունների փուլում Դուք ինձ ու պաշտպաններին զրկել եք դրանք իրականացնելուց. Դուք հեռացրել եք ինձ միջնորդություններն իրականացնելուց, մեր բացակայությամբ քննել եք մեր միջնորդությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ասաց արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նա նկարեց, որ դատարանը կարող էր նաև զրկել պաշտպանական ճառի հնարավորությունից և իր ճառի համար երկու աշխատանքային օր խնդրեց։

«Խնդրում եմ՝ վաղը չհաշվեք, քանի որ ՍԴ-ն քննարկելու է յոթ հարց, աննախադեպ է»,-ասաց Թովմասյանը՝ նշելով, որ վաղն ամբողջ օրը զբաղված է։

Նա նաև տեղեկացրեց՝ ի վիճակի չէ խոսել չորս ժամից ավելի, հակառակ դեպքում հաջորդ օրը ձայնալարերը վատ վիճակում կլինեն։

Դատարանը հայտարարեց, որ դատական նիստ կնշանակի սեպտեմբերի 11-ին ժամը 10-ին։ Թովմասյանն առաջարկեց՝ գոնե ժամը 13։00-ին։ Դատավորը չհամաձայնեց՝ ասաց, դատարանը բավարար ժամանակ տրամադրում է պատրաստվելու համար։

Ի պատասխան Թովմասյանն առաջարկեց հիմա սկսի իր ճառը։ Դատարանը համաձայնեց։ Թովմասյանը խնդրեց կես ժամ տրամադրել, որպեսզի գնա իր ճառը վերցի ու վերադառնա։

«Խնդիր չի տեսնում դատարանը, բայց աշխատանքային ժամն է ավարտվում»,-արձագանքեց դատավորը, ինչից հետո նիստն ընդմիջվեց։

Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։