Երեւանում, դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ՍԵՊԵՍ-ի եւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի համատեղ «Բարձրագույն լեզվաբանական կրթությունը բարեփոխումների լույսի ներքո. նոր մոտեցումներ, բարեփոխումներ եւ մարտահրավերներ» գրքի շնորհանդեսը:

Ժողովածուն ներառում է հետազոտություններ, ելույթներ եւ շնորհանդեսներ 2010թ.-ի նոյեմբերի 15-18-ը ԵՊԼՀ-ում կազմակերպված  «Բարձրագույն լեզվաբանական կրթությունը բարեփոխումների լույսի ներքո.. նոր մոտեցումներ, հեռանկարներ եւ մարտահրավերներ» եւ «Լեզուն մշակույթի միջոցով» միջազգային գիտաժողովներից՝ նվիրված ԵՊԼՀ 75-ամյակին:

Այս միացյալ հրապարակումը ներկայացնում է բարձրագույն կրթության ոլորտում ուսումնասիրություններ ողջ տարածաշրջանում լեզվի ուսուցման բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ այն ինտենսիվ ջանքերի վերաբերյալ, որոնք բարձրացնում են ուսանողների փոխանակման ծրագրերի, ուսուցողական պրոցեսի փորձի փոխանակման եւ միջբուհական կապերի ու համագործակցությունների պարբերականությունը եւ հաճախականությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային մակարդակով մեծ կարեւորություն է տալիս եւ արժեվորում մշակույթի եւ լեզվի միջոցով բարձրագույն կրթության ոլորտում գաղափարների եւ փորձի փոխանակման հնարավորությունների ընձեռմանը:

Շնորհանդեսին ելույթներով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ԱԳՆ ներկայացուցիչներ եւ այլոք:

Շնորհանդեսին ներկա կգտնվեն ԵՊԼՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, մասնագետներ այլ բուհերից եւ կազմակերպություններից, հրավիրյալներ նախարարություններից, միջազգային կազմակերպություններից: