Լոռիի մարզի որոշ գյուղերում կենդանիների շրջանում ի հայտ եկած հիվանդությունը կարող է տարածվել նաեւ հարեւան մարզերում: Շիրակի գրեթե բոլոր համայնքներում մի քանի օր է մեկնարկել են կենդանիների հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախապես նշվել էր, որ Լոռիի մարզի գյուղերում կենդանիները հիվանդացել են «աֆրիկյան ժանտախտով», սակայն փորձաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ անասունների մոտ հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 3 հիվանդություն:

Կենդանիների մոտ եղել է թեյլերիոզ հիվանդության հարուցիչ` թեյլերիաներ, դիպլոկոկային ինֆեկցիա եւ ասպերգիլոզի հարուցիչներ: Լոռիի մարզում մի քանի օր է հայտարարված է կարանտինային վիճակ:

«Շիրակի մարզի համայնքների անասնաբույժներին հանձնարարվել է պատվաստումներ իրականացնել կենդանիների շրջանում: Առավել խստացված աշխատանքներ իրականացվում են Շիրակի մարզի այն գյուղերում, որոնք առավել մոտ են Լոռիի մարզին»,-ասել է մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետ:

Բացի այդ արգելվել է մսամթերքի եւ որեւէ այլ տեսակի սննդամթերքի ներկրումը Լոռիի մարզից Շիրակի մարզ: Իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզի կառույցի անասնաբուժական գծով գլխավոր մասնագետը նշել է, թե խստացվել է վերահսկողությունը մսամթերքի շուկայում, «կրկնակի ու եռանկի անգամ է ստուգվում այն մսամթերքը, որը վաճառվում է խանութներում եւ շուկայում»,-նշել է Գագիկ Սարգսյանը: