Հունաստանը բանակցություններ է վարում Բրիտանական թանգարանի հետ Պարթենոնի անտիկ տաճարի պահպանված քանդակները Աթենք վերադարձնելու շուրջ, եւ կշարունակի ճնշում գործադրել բրիտանական իշխանությունների վրա այդ նպատակով։ Այս մասին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեղեկացրել է CNN ամերիկյան հեռուստաալիքի հարցազրույցում, ոիւ տեքստը տարածել է Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդավարը Միցոտակիսին հարցրել է Բրիտանիայի նախկին ֆիննախարար Ջորջ Օսբորնի (2010-2016) հետ բանակցությունների թեմայի վերաբերյալ, որը 2021-ից ղեկավարում է Բրիտանական թանգարանը։ «Եկեք համաձայնենք, որ համաշխարհային մշակութային ժառանգության համար, իմ կարծիքով, կարեւոր է, որ այդ քանդակները ներկայացվեն Աթենքում նրանց հետ միասին, որոնք արդեն կան, որովհետեւ խոսքը [մարմարե գլուխգործոցների] վերամիավորման մասին է, ոչ թե վերադարձի։ Դա մեկ միասնական հուշարձան է։ Ես այսպիսի համեմատություն եմ անցկացրել. դա նույնն է,թե կիսես «Մոնա Լիզայի» կտավը եւ կեսը թողնես Լուվրում, կեսը՝ Բրիտանական թանգարանում»։
«Ուստի ես կարծում եմ, որ այդ [վերամիավորումը] տեղի կունենա մի ինչ-որ պահի, ես դրանում համոզված եմ,- շարունակել է վարչապետը։- Մենք բարեխիղճ բանակցություններ ենք վարում թանգարանի հետ։ Ես նաեւ կարծում եմ, որ Բրիտանիայի նոր կառավարությունը կարող է ավելի բաց լինել, թեեւ դա նրանց որոշումը չէ, գալ փոխհամաձայնեցված համաձայնագրի, որը թույլ կտա քանդակներին միավորվել, իսկ մեզ՝ տեսնել դրանք Պարթենոնում, այնտեղ, որտեղ նրանց իսկական տեղն է։ Ես կարծում եմ, որ մենք մեծ աջակցություն ունենք եւ կշարունակենք ճնշում գործադրել»։
Միցոտակիսի խոսքով՝ ինքը լավատեսորեն է տրամադրված։ «Մենք սպասել ենք 200 տարի, բայց հիմա այս հարցի շտապ լուծման զգացողություն կա, եւ այն կարեւոր տեղ է զբաղեցնում իմ անձնական օրակարգում»,- ասել է նա։
2024թ. հուլիսին Protothema հունական թերթը տեղեկացրել էր, որ Բրիտանական թանգարանը եւ Հունաստանը վերսկսել են շփումները երկու կողմերի համար սուր հարցի շուրջ Պարթենոնի մարմարե գլուծխգործոցների վերաբերյալ։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Բրիտանական թանգարանը ղեկավարող Օսբորնը բանակցություններ է վարում հունական կողմի հետ վարձակալման համաձայնագրի կնքման շուրջ։ Թերթը նշել է, որ այն կարող է ներառել դրույթներ Հունաստանին Պարթենոնի քանդակների հանձնման մասին 10 տարով։





























