Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և դասերն իրականացվում էին հեռավար։

«Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում ուսուցիչները ցնցումներ էին զգացել և փրկարար ծառայության աշխատակիցների միջոցով տարհանել աշակերտներին։ Սեպտեմբերի 7-ից աշակերտներն անցել էին հեռավար ուսուցման. դպրոցի տնօրենի՝ Գայանե Մկրտչյանի պահանջով քաղաքապետարանը տարածքում սեյսմակայունության ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու, ի՞նչն է եղել տատանումների պատճառը, և ապահո՞վ է շենքը՝ հետագա դասապրոցեսը կազմակերպելու համար։

Ուսուցիչները և աշակերտների ծնողները մտահոգություններ ունեին, թե տատանումների պատճառը դպրոցի հարակից տարածքում իրականացվող շինարարությունն է։

Ավելի վաղ, NEWS.am-ի հետ զրույցում կառուցապատող «Ռենշին» ընկերությունից հայտնել էին, որ նախագիծը մշակել են բարդ ինժեներական կոնստրուկցիաների մշակման համաշխարհային առաջատար կազմակերպությունները, որոնք հաշվի են առել քաղաքաշինության բոլոր նորմերը։ Ընկերությունը բացառել էր վարկածը, թե դպրոցում զգացված տատանումների պատճառը կարող է շինարարությունը լինել։