Ցանկություններն ու իրականությունը միշտ էլ բավականաչափ տարբերվել են իրարից. Ընդհանուր համահավասարության եւ բարեկեցության գաղափարը շատ լավն էր, բայց կյանքը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ համենայնդեպս հիմա իրականանալու: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձարգույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
«Անգամ եթե վերցնենք, որ դրույթները, որոնք ձեւակերպվել են, դրանք ձեւակերպվել են լավ մղումներով, սակայն ռիսկերը կապված դրանց թյուր կատարման հետ, գնահատված չեն:
Ինչ-որ բան անելուց առաջ պետք է լինի վերլուծություն, ռիսկերի գնահատում, այլընտրանքային տարբերակներից լավագույնի ընտրություն: Այդ ամեն ինչը տեղի չի ունեցել: Մենք դնում ենք քննարկման օրենք՝ տակավին զրոյական վիճակով, վատ իմացության մթնոլորտում՝ լավ չպատկերացնելով, թե այդ մոտեցումն ինչի կարող է բերի, ինչ ռիսկեր կան դրա հետ ու ինչ կլինի, եթե այս ամենը ձախողվի»,- նշեց Առաքելյանը:
Նրա խոսքով այս օրենքի հետ կապված գործելաոճը ոչ մի կերպ չի տեղավորվում գիտական համայնքի գործելաոճի պատկերացումների մեջ. «Օրինակ, երբ մենք ներկայացնում ենք դրամաշնորհային ծրագիր նույն գիտության կոմիտե, իրենք պահանջում են մեզնից լավ հիմնավորել արդի վիճակը, մեր ծրագրի նպատակները, նախադրյալները, իրականացման ճանապարհները, ակնկալվող արդյունքներն ու ռիսկերը: Դրամաշնորհի գումարը կարող է լինել 100-150 մլն դրամ, իսկ այստեղ խոսում ենք 3 տրլն դրամի մասին: Ուրեմն այդ բոլորը պետք է ձեւակերպված լինի շատ ավելի ծավալուն եւ ավելի մանրամասն: Այն հիմնավորումը, որը տեսնում ենք օրենքի նախագծի կողքին, դա պարզապես ընդհանուր բառեր են ու ցանկություններ, որոնք ոչ մի թվերով, փաստերով հիմնավորված չեն»,- ընդգծեց Առաքելյանը:
Նա նկատեց, որ դրամաշնորհի դեպքում իրենցից ամսիներ են պետք լինում քննարկելու, հաստատելուն համար, իսկ հիմա օրենքի համար հատկացվել է 2 շաբաթ ժամանակ. «Օրենքը 100 էջ է, իրենք ակնկալում են, որ հանրությունը այդ օրենքը երկու շաբաթում պետք է կարողանա մարսե՞լ: Ինձ թվում է, որ իրենց համար կարեւոր է ոչ թե կարծիք լսելը, այլ օրենքի ընդունման ֆորմալ այդ պրոցեսը ապահովելը»:
Նա նկատեց, թե ինչպես եղավ, որ Ժաննա Անդրեասյանը հանդիպեց և օրենքը քննարկեց համալսարանների ռեկտորների հետ, բայց չհանդիպեց և քննարկում չկազմակերպեց ԳԱԱ-ի նախագահության և գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ։ «Օրենքի ամենամտոհոգիչ մասն այն է, որ գիտությունը կրթության նկատմամբ դրվում է ստորադաս դիրքում։ Ինչքան էլ օրենքի հիմնավորման մեջ շեշտվում է, որ դա այդպես չէ, բայց ե՛ւ բովանդակային, ե՛ւ ծավալային, ե՛ւ կառավարման մոդելների վերաձեւակերպումից հստակ երեւում է, որ գիտության ոլորտը դրվում է ստորադաս դիրքում, այն սպասարկելու է կրթությանը, իսկ գիտության նպատակն, իմ կարծիքով դա չէ», – ասաց նա։
Արսեն Առաքելյանը դժվարացավ գնահատական տալ կառավարության մոտիվներին, որոնք ընկած են այս ամենի հիմքում։ Իր կարծիքով խնդիրն ավելի շատ կարծրատիպերն են, ու միակ ճիշտ համարվող տեսակետը։ «Ես չեմ կարծում, որ այս օրենքի մշակողները, որոնց լավ ճանաչում ենք, ուզում են գիտությունը Հայաստանում ոչնչացնել, կամ քանդել։ Ինձ թվում է, որ պարզապես իրենց պատկերացումով դա միակ ճիշտ ճանապարհն է։ Ու առանց հաշվի առնելու բոլոր հնարավոր տարբերակները, իրենք այդ ճանապարհով գնում են։ Սովետի ժամանակ մի կարգախոս կար. «железной рукой загоним человечество к счастью»: Մոտավորապես այդ կարգախոսի շրջանակներում է այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Մեր ամենամեծ մտավախությունն է, որ ունենք շատ ամբիցիոզ ծրագիր, ու դրա թերի կամ ժամանակավրեպ իրականացման պարագայում հետեւանքները կարող են լինել անդառնալի», – ասաց գիտնականը։
«Հնարավոր չէ 100 էջանոց օրենքը բովանդակային երկու շաբաթում այնպես ուսումնասիրել, որ ամեն մի մտահոգիչ կետը, առաջին հերթին հայտնաբերվի, երկրորդը՝ տրվի լուծում», – հավելեց նա։




























