Հայաստանում սպառողական շուկայում ստեղծված իրավիճակը բավական  հեռու է մնում բավարար լինելուց: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց  «Սպառողների իրավունքների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Լուսինե Յագուբյանը: Նրա խոսքով, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության դիտարկումների, ինչպես նաեւ ընդունված բողոքների ընդհանրական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ դեռ այսօր էլ սպառողները հաճախ են  բախվում անորակ տեղական եւ ներկրած ապրանքների, ժամկետանց սննդամթերքի, ցածորակ ծառայությունների ու ոչ պատշաճ սպասարկման հետ:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի  փոխնախագահ Կարեն Չիլինգարյանն էլ նկատեց, որ տարեցտարի ահազանգերն ավելանում են եւ այսօրվա դրությամբ տարեկան կտրվածքով 1000-ից ավելի սպառող է դիմում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ին: Սակայն մինչ օրս բողոքները դեռ դատարան չեն հասել:

Նրա ներկայացմամբ, այդ բողոքների շուրջ 90 տոկոսը դրական լուծում է ստանում: Օրինակ, ասուլիսից առաջ ստացած սպառողի բողոքը եղել է այն, որ մանրաձավարի տուփի վրա նոր պիտակ է փակցված եղել, որի միջոցով ժամկետը փոխել են: Ավելին` վերջինս տեղեկացրեց, որ երբ քաղաքացին գնում է սառնարան եւ ստանում 1 տարվա երաշխիքային ժամկետ, ապա 3-րդ խոտանից հետո նա արդեն կարող է, ոչ թե դիմել վերանորոգման խնդրանքով, այլ սառնարանը հետ տալ, ինչի մասին սպառողները շատ հաճախ իրազեկված չեն:

Լուսինե Յագուբյանն ընդգծեց, որ սպառողների իրավունքների պաշտպանության  ոլորտը արմատական փոփոխության կարիք ունի եւ այդ փոփոխությունները պետք է կատարվեն ՀՀ օրենսդրական դաշտում: Կազմակերպությունը վերջերս մշակել է նաեւ «Ապրանքների ընդհանուր անվտանգության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարությանը: Ավելին` շատ կարեւոր է, որ պետություն, բիզնես եւ հասարակություն եռանկյունին փոխհամաձայնեցված գործեն, որպեսզի օրենքները կիրառվեն եւ սպառողները չտուժեն: