Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ»), ով երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել եւ ում հրաժարականը արդեն ընդունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատրաստ է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հեռավոր գյուղում անգամ գյուղապետ աշխատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սարգիս Հովհաննիսյանը:

Նա հավատացրել է, որ իր ցանկությամբ է հրաժարականի դիմում ներկայացնել, որի պատճառը ընդամենը առողջական խնդիրներն են եղել եւ ոչ ավելին: Դիտարկմանը, թե առողջական խնդիրներ ունեցող մարդն ինչպե՞ս կարող է պատրաստակամություն հայտնել Սերժ Սարգսյանի հրամանի դեպքում հեռավոր գյուղում գյուղապետ աշխատել, նա արձագանքեց. «Հիմա առողջական խնդիր կա, դրա համար դուրս եմ եկել, բայց, եթե նախագահը ասի պետք է աշխատես, բա ի՞նչ պետք է անեմ, պետք է աշխատեմ»:

Իսկ այն հարցին, թե շարունակելո՞ւ է իր աջակցությունը ցուցաբերել ՀՀԿ-ին եւ ընտրություններում աշխատելո՞ւ է ՀՀԿ-ի օգտին, Ս. Հովհաննսյանը պատասխանեց. «Ավելի ակտիվ, ավելի ակտիվ»:

Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: NEWS.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Արմեն Սարգսյանը: