ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա ներուժը:
Նախարարն այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության, կիբեռանվտանգության և Հայաստան եվրոպական տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ հաջողված երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված Նիդերլանդների կողմից ցուցաբերած աջակցությունը:
Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես, անդրադառնալով կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման, թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ:



























