Հայաստանի կառավարությունը մերժել է 2012 թ. 10 տոկոսով բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կառավարությանն առաջարկել էր մի շարք ավելացումներ կատարել 2012 թ. պաշտպանության բյուջեում: Մասնավորապես, առաջարկվել էր 10 տոկոսով ավելացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, զինծառայողներին (ներառյալ` զոհված եւ հաշմանդամ) հատկացվող բնակֆոնդի գումարը 500 մլն-ից հասցնել 3 մլրդ դրամի (2010 թ. մակարդակին), նպաստ հատկացնել առաջին եւ երկրորդ աստիճանի Մարտական խաչ ստացած զոհ¬ված ազատամարտիկների 65 ընտանիքներին (ովքեր ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել են):
Սակայն կառավարությունը մերժել է այս առաջարկություններն այն պատճառաբանությամբ, որ դրանք առաջնահերթ չեն (հաշվի առած բյուջետային մուտքերի մակարդակը): Ինչ վերաբերում է նպաստներին, ապա կառավարությունը գտնում է, որ ԼՂՀ կողմից պարգեւատրված ազատամարտիկները պետք է նպաստներ ստանան ԼՂՀ օրենսդրությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը խիստ տարբեր են, կախված` զինվորական կոչումից, ծառայության վայրից եւ բնույթից: Այսպես` պայմանագրային շարքայինների նվազագույն աշխատավարձը ամսական 93 հազ. դրամ է, սակայն առաջին գծում գտնվողների համար կարող է գերազանցել ամսական 200 հազարը: Պայմանագրային սպաների աշխատավարձը բարձր է ամսական 200 հազ. դրամից:




























