Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հասկանալ այն ժանրը, պարո՛ն Ռուստամյան,- ընդհանրապես նման ժանր դեռ չկար,- որ դուք եկել եք, Մհեր Գրիգորյանը դեռ ելույթ չի ունեցել, բայց դուք իրեն հարց եք տալիս այստեղից և ասում եք, որ դուք չեք մասնակցում այդ քննարկմանը, այնինչ հարց եք տալիս այն քննարկման վերաբերյալ, որին դուք երեկ մասնակցել եք բավական երկար և լեգիտիմացրել եք, և այսօր էլ ասում եք՝ չեք լեգիտիմացնելու և պիտի գնաք, բայց մինչև գնալը լեգիտիմացնում եք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբվերի 22-ին, ԱԺ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ ինքը չի հասկանում այդ քայլի իմաստը. «Քաղաքականապես հասուն չի, ժողովո՛ւրդ: Հո մենք դպրոցական չե՞նք: Կներեք, դուք 8-ի «Բ»-ն եք, 8-ի «Գ»-ն եք, թե՞ խորհրդարանական խմբակցություն եք։ «Մենք չենք մասնակցելու», բայց երեկ մասնակցել եք»,- ասաց նա։

Մեջբերելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքը, թե սահմանազատման հարցի քննարկմանը մասնակցելը դեմ է ազգային և պետական շահերին, խնդրեց կոնկրետացնել՝ որ պետության շահերը նա նկատի ունի:

«Ես կարծում եմ՝ ՀՀ ազգային և պետական շահերից և ՀՀ քաղաքացիների շահերից է բխում՝ ունենալ սահմանազատված սահման: Եվ այլ պետությունների շահերից կարող է և բխել, որ ՀՀ-ն չունենա սահմանազատված սահման, որովհետև եթե Հայաստանը չունի սահմանազատված սահման, ապա միշտ կարելի է սահմանների վերաբերյալ ստեղծել ամենատարբեր էսկալացիաները: Հիմա հարց է առաջանում՝ որ ասում եք՝ սա չի բխում մեր երկրի ազգային և պետական շահերից, ո՞ր երկրի շահերը նկատի ունեք»,- հարցրեց Կոնջորյանը Ռուստամյանին: