ԱԺ հանձնաժողովների նիստում, որտեղ այսօր քննարկվում է 2025-ի բյուջեի նախագիծը, մի թեթեւ վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ:

Ավետիսյանը շուրջ 5 րոպե հարց էր ձեւակերպում, ինչին նիստը վարող Ծովինար Վարդանյանն արձագանքեց եւ կոչ արեց ձեւակերպել հարցը եւ ավարտել խոսքը:

Թադեւոս Ավետիսյանը նախ նկատեց, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարց տալու ժամանակ նրան չխանգարեցին, ապա հավելեց. «Եթե ձեր դուրը չի գալիս, բնականաբար, շատ բաներ կան, որ չեք կարողանալու սղղացնեք, անցկացնեք»:

Ծովինար Վարդանյանն ասաց. «Ես այստեղ դուր գալու համար չեմ», իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր դուրը կարող է գալ-չգալ, դա էական չէ, ինչ հարց ուզում եք տվեք: Երկրորդ, ձեր հարցերի մեծ մասը վերաբերում է ոչ թե ՊԵԿ-ին, այլ երեւի ֆինանսների նախարարությանը: Պետական պարտքը ՊԵԿ-ի հետ ի՞նչ կապ ունի: Դե իհարկե, կարելի է հարց տալու ընթացքում տենց լիքը բաներ, ոնց դուք եք ասում, սղղացնել, ձեւակերպումներ անել: Բայց եկեք ամեն մի գերատեսչության բյուջեի վրա կենտրոնանանք»: